«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության փորձագետների կողմից կատարված հետազոտության համաձայն` Հայաստանում նկատվում է խաղողի եւ պտղա-հատապտղային տնկարկների ավելացման միտում, ինչը վկայում է Հայաստանում այգեգործության զարգացման ներուժի մասին: 2012թ.-ին պտղա-հատապտղային տնկարկները 2003թ.-ի համեմատ աճել են 53%-ով, իսկ խաղողինը՝ 33%-ով: Ստացվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում պտղա-հատապտղային տնկարկները տարեկան միջինում աճել են 5.3%-ով, իսկ խաղողի տարածքները՝ 3.4%-ով: Նման զարգացումները թերեւս պայմանավորված են վերամշակող արտադրության զարգացմամբ:
Ըստ ենթաճյուղի տնտեսվարողների` այգեգործությունը առաջիկա հինգ տարում եւս ունի զարգացման մեծ ներուժ, առանձնակիորեն մեծ են սպասելիքներն այն արտադրատեսակների նկատմամբ, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության ժամանակ, դա հատկապես վերաբերում է խաղողին:
Այնուամենայնիվ, ենթաճյուղում արտադրողականության մակարդակը դեռեւս բավականին ցածր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ: Վերջինս հիմնականում բացատրվում է ենթաճյուղում տեխնոլոգիաների կիրառման ներկայիս ցածր մակարդակով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ մեծ տնտեսությունների (10 հա եւ ավելի) միայն 1/5 մասն է որեւէ տեխնոլոգիա կիրառում:





























