Տրոլեյբուսները Երեւանի վերգետնյա տրանսպորտի ամենառիսկային խումբն են մնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Հայաստանի ավտոապահովագրական գրասենյակի մասնագետները:

Ընդ որում` վթարների մեծ մասը տեղի է ունենում ոչ վարորդների մեղքով: «Տրոլեյբուսների լարային ցանցը, ինչպես գիտեք, չափազանց մաշված է: Այսեղից էլ  ապահովագրական դեպքերի մեծ մասը. օրինակ, լարից դուրս է թռչում մետաղաձողն ու վնասում հարեւան մեքենային: Կամ տրոլեյբուսը կտրուկ արգելակում է եւ հարվածում առջեւի մեքենային: Դրանք բոլորն ապահովագրական դեպքեր են: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ նման իրավիճակներում տրոլեյբուսի վարորդը քիչ բան կարող է անել: Բայց այս ամենը նաեւ մեր ուժերից է վեր: Հարցը բարձրացվել է Երեւանի քաղաքապետարանում,  սակայն այստեղ դժվար է ինչ-որ բան մտածել, բացի կոնտակտային ցանցի վերանորոգումից»,-նշեցին մասնագետները:

Քաղաքի տրոլեյբուսային պարկը կառավարող  «Էլեկտրատրանսպորտ» ընկերության տվյալներով` մայրաքաղքի տրոլեյբուսների մոտ 60%-ը ֆիզիակապես եւ բարոյապես մաշված է,  70% -ը կոնտակտային ցանցի հետ կապված խնդիր ունի, 90% -ը` լարային գծերի: