Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է եւ հիվանդությունը տեղական տարածում չի ստացել: Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, ով հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդնոց: Վերջինիս կոնտակտավորների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված եւ չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ:
Ան-ից հավաստիացնում են, որ մեր երկրում իրավիճակը վերահսկելի է` կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները կշարունակվեն մինչեւ հարեւան երկրներում կարմրուկի համաճարակային գործընթացի մարումը:
Նշենք, որ Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր եւ ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ ակտիվ հանգստի համար, եթե չունեն պատվաստումային կարգավիճակ կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ բժշկական փաստաթղթերում կամ հիվանդությունը հաստատված չէ լաբորատոր հետազոտությանբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ եւ առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:
Եթե մարդը նախկինում հիվանդացել է կարմրուկով կամ պատվաստվել է, սակայն այդ մասին տեղեկություն չունի կամ չի հիշում, լրացուցիչ պատվաստվելու դեպքում այն հակամարմինների առաջացման համար որպես խթանիչ դեղաչափ կլինի: Նույն մեխանիզմով է բացատրվում 1 տարեկանում առաջին ԿԿԽ պատվաստումից հետո 6 տարեկանում խթանիչ /բուստեր/ երկրորդ դեղաչափի ազդեցությունը: Պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը՝ մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո 4 շաբաթվա ընթացքում: Պատվաստման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ՀՀ պետական սահմանային անցման կետերում չի պահանջվում: ՀՀ պետական սահմանային անցումային կետերում գտնվող սանիտարակարանտինային կետերն այս պահին աշխատում են ուժեղացված ռեժիմով: Նրանց կողմից կատարվում է ուղեւորների զննում՝ կարմրուկի կասկածելի ախտանիշներով (ջերմություն, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, աչքերի բորբոքում, հազ, ցան) անձանց վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սակայն կարող է մարդը լինել հիվանդության գաղտնի շրջանում եւ սահմանը հատելիս ոչինչ չհայտնաբերվի, իսկ հետագայում` արդեն կլինիկական ախտանշանները դրսեւորվեն բնակավայրում: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տրվում կարմրուկին բնորոշ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բնակավայրի բուժհաստատություններին: Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով իրականացվում է նաեւ ուժեղացված հսկողություն ջերմությամբ եւ ցանով ուղեկցվող հիվանդների նկատմամբ՝ հիվանդության դեպքերը վաղաժամ հայտնաբերելու համար: Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ՝ գրեթե 100 տոկոսով կվարակվի եւ կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ եւ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի եւ խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:
Նշենք, որ Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը կայունանում է, սակայն դեռեւս շարունակվում են գրանցվել դեպքեր: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարեւան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3527 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը 1065 է: Գրանցված դեպքերից 483-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Մահվան ելքով գրանցվել է 2 դեպք (11 ամսական եւ 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ): Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը գրանցվել է 20-29 տարեկան տարիքային խմբում (1927 դեպք, որից հոսպիտալացված 557-ը, լաբորատոր հաստատված 198-ը):





























