Արտագաղթի պատճառով Երեւանում ավելի քիչ ուղեւորներ են մնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի ավտոբուսների եւ երթուղայինների կառավարման մասնավոր ընկերություններից մեկի տնօրենը` պայմանով, որ անունը չի հրապարակվի:

«Նախկինում մեր այն վարորդները, որոնք անցնում էին Մալաթիայի շուկայի մոտով խնդրում էին իրենց թույլ տալ աշխատել նաեւ կիրակիները: Այն ժամանակ շուկան լեփ լեցուն էր: Հիմա անցեք եւ տեսեք, որքան առեւտրական եւ գնորդ է մնացել այնտեղ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` այսօր սպասում են աշնանը, երբ ուղեւորներին կմիանան ուսանողները: «Ամռան ամիսները մեզ համար մեռած են: Մտածում ենք միայն ինչ-որ կերպ անցկացնելու մասին: Սակայն դա ելք չէ: Հիշեք, վերջին տարիներին ձեր հարեւաններից եւ ծանոթներից քանիսն են հեռացել: Իսկ  նրանք միայն չեն հեռացել, նրանք գնում էին ուտելիք եւ հագուստ, երթեւեկում էին տրանսպորտով: Դրա հետեւանքներն էլ մենք զգում ենք»,-ավելացրեց նա:

Նշենք, որ հուլիսի  7-ից Հայաստանում բարձրացել է գազի սակագինբը, ինչը շատ տրանսպորտային ընկերությունների շրջանում ուղեվարձը բարձրացնելու խոսակցություններ է առաջացրել: