Գեղարքունիքում 21-ամյա Հրաչյա Հ-ն եւ 22-ամյա Արա Կ-ն ծեծի են ենթարկել ոստիկաններին: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել Սեւանի բաժնի հերթապահ մասի պետ, ոստիկանության մայոր Թաթուլ Գ-ի եւ ավագ օպեր լիազոր,ոստիկանության մայոր Արմեն Ե-ի նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Արա Կ-ի մասնակցությամբ վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների ներկայացրած օրինական պահանջի կապակցությամբ հայհոյանքներ են տվել նրանց հասցեին, բռունցքներով հարվածել նրանց՝  Արմեն Ե.-ին պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:

Քրեական գործ է հարուցվել 316  հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 19-ին: