Հայաստանի ՊՆ N  զորամասի զինծառայող, 19-ամյա Արտուշ Ս.-ն, լինելով վերակարգում` որպես ճաշարանի բանվոր, ճաշարանից բացակայելու եւ կարտոֆիլի մաքրման աշխատանքների շուրջ վիճաբանել եւ ծեծել է շարքային Սուրեն Ն-ին: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

19-ամյա Արտուշ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ընդգրկված լինելով վերակարգում, վիճել եւ ճաշարանի ետնամասում ծեծել է շարքային Սուրեն Ներսիսյանին, բռունցքով հարվածել է դեմքին և պատճառել ձախ ակնակապճի եւ ստորին կոպի արյունազեղումների, ակնագնդի ենթակոնյուկտիվային արյունահավաքի ձեւով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ: 

Քննելով գործը՝ դատարանը վճռել է Արտուշ Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ կալանքի ձեւով մեկ ամիս 15  օր ժամկետով: