Միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով (առանց ներբուհական քննությունների) ՀՀ պետական եւ ոչ պետական բուհեր է ընդունվել շուրջ 10500 դիմորդ, որից վճարովի համակարգ՝ շուրջ 9100: Այդ մասին Հանրապետական ընդունող հանձնաժողովի երրորդ նիստում այսօր՝ հուլիսի 13-ին հայտարարել է հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն մրցութային շեմը չի հաղթահարել շուրջ 600 դիմորդ: Քննություններին անբավարար միավորներ է ստացել եւ մրցույթից դուրս է մնացել շուրջ 2600 դիմորդ: Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը եւ սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:
Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչեւ զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով: 2013 թվականի միասնական քննությունների արդյունքում բուհեր ընդունված դիմորդների ցուցակները, ըստ կարգի, կհրապարակվեն հուլիսի 15-ին:





























