Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի գյուղի շրջակա տարածքում գտնվող լճից բնակչությունն արդեն 3 տարի է, ինչ չի կարող օգտվել: Ինչպես հայտնում է Akhaltskha.net–ը, 2010 թ. այն վաճառվել է ձեւական աճուրդի ժամանակ եւ այժմ համարվում է Վարդան Այվազյանի սեփականությունը: Տաբածղուրի բնակչության խոսքերով` Հայաստանում բնակվող այս գործարարը նախկին իշխանությունների աջակցությամբ լիճը սեփականացրել է ապօրինի կերպով: Նշված լճից օգտվում էին 2 գյուղի` Տաբածղուրիի ու Մոլիթի բնակիչները: Լիճը եկամտի աղբյուր էր համարվում 400-ից ավելի ընտանիքի համար, որտեղ բնակչությունը ձուկ էր որսում:
Տաբածղուրիի լիճը երեք տարի առաջ ստացել է 20 տարվա լիցենզիա: Նշվում է, որ լճի սեփականատեր Վարդան Այվազյանը որոշել էր գյուղում զարգացնել խեցգետինների գործը: Եվ ինչպես նշում է բնակչությունը`սեփականատերը խախտել է լիցենզիայի պայմանները եւ 2 տոննայի փոխարեն լիճ է լցրել 18 տոննա խեցգետին, որի հետեւանքով լճում վերանում են ձկները:
«Լճեր» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, թե իբր բնակչության բողոքը անօրինական է, քանի որ բնակչությանն արգելված է լճում ձուկ որսալ:
Տաբածղուրիի բնակիչներից մի քանիսը Akhaltskha.net–ի հետ զրույցում հայտարարել են, որ իրավիճակը գյուղում խիստ լարված է, եւ ցանկացած պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ ու մեծ խնդիրներ առաջացնել:




























