Երեւանում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական եւ հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 15-ին, հերթական խորհրդակցության ժամանակ:
Հաշվի առնելով օրենդրության եւ Երեւանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են Արշակունյաց պողոտայի, «Հաղթանակ» զբոսայգու, «Փարոս» անտառպուրակի ոռոգման ցանցերի փորձարկման եւ Տերյան 62 հասցեում գտնվող պոմպակայանի վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի անտառային գոտիների վերականգնման աշխատանքների շրջանակում հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքի եւ «Փարոս» անտառպուրակի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հանձնարարվել է նաեւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում ծառերի տապալման հնարավոր դեպքերը կանխելու եւ դրանք բացառելու ուղղությամբ:
Նշվել է նաեւ, որ նախորդ շաբաթ կանաչապատման ձեռնարկություններ աշխատանքի են ընդունվել քաղաքապետարանի ծրագրով անօթեւանների ժամանակավոր կացարանում բնակվող 6 անձինք:




























