Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ  նկատմամբ կայացրել է ընկերության գործունեության դադարեցման որոշում: Այդ մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ խախտումը վերականգնելու դեպքում ընկերության գործունեությունը կվերականգնվի:

Նշենք, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությունը իրավունք է ստացել շահագործելու Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու եւ արծաթի հանքավայրը, ներկայում իրականացնում է հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Ընկերության հիմնադիրները ռուսաստանյան «ԱՏ-Սպեցտեխնոլոգիա» եւ «Ավիատեխնոլոգիա» ընկերություններն են:

Կառավարությունը «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությանը մայիսի 23-ի նիստում ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում է տվել՝ 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ապրանքների ներմուծման համար:

Նշենք նաեւ, որ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը «ընկերության գործունեության դադարեցման մասին» ձեւակերպմամբ վիճահարույց է, քանի նախարարությունը նման լիազորություններ չունի; Հավանաբար խոսք է գնում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամանակավոր կասեցման մասին: