Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, անհետացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Գյումրիի քաղաքապետարանից:
Նրանց փոխանցմամբ` շաբաթ օրը ահազանգ են ստացել, որ տնօրենը ընդհանրապես չկա, նրա հետ որեւէ կապի միջոց չկա: Նրանք տեղեկություն չունեն նաեւ մանկապարտեզի վարիչի ընտանիքից, բարեկամներից: Ահազանգից անմիջապես հետո մարզպետարանի աշխատակիցները գնացել են մանկապարտեզ, որովհետեւ սննդամթերքի մատակարարման խնդիրներ կային, դրանք կարգավորել են, ուսումնադաստիարակչական պրոցեսը եւս նորմալ է: «Այժմ մանկապարտեզում ուսումնասիրություններ են անցկացվում, դրանից հետո անմիջապես կհրապարակենք արդյունքները: Եթե համապատասխան մարմիններին որոշակի տեղեկացնելու հարցեր լինի, անպայման կասենք»,- ասաց նա:
Մարզպետարանից հայտնեցին, որ ֆինանսական, այդ թվում` աշխատակիցների աշխատավարձի գումարը վերցնելու եւ անհետանալու հարցով եւս ուսումնասիրություն է ընթանում: «Աշխատակիցները ամբողջովին ստացել են աշխատավարձը, բայց ուսումնասիրության արդյունքում կպարզենք` արդյոք ստացել են, թե ոչ»,- հայտնեցին մազպետարանից:




























