Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 18:30-ին, արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ընդգրկված է 4 հարց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից:
Այսօր կքննարկվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու, ընտրության անցկացման ու նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցը:
Այս նիստին քննարկվելու է նաեւ եւս 3 հարց, որոնք առնչվում են այլ համայնքների ՏԻՄ ընտրությունների կազմակերպչական հարցերին:
Հիշեցնենք, որ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Մեր տեղեկությունները ավելի ուշ հաստատվել էին. ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը առաջարկել էր նրա թեկնածությունը եւ այն ընդունվել էր միաձայն:
Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար էր նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն։





























