Վրաստանի բնակիչների 69%-ը դրական են վերաբերվում երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` ըստ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության:
Ըստ Վրաստանում 2012թ. նոյեմբերին անցկացված ուսումնասիրության հետ համեմատության` Իվանիշվիլիի վարկանիշն ընկել է 6%-ով:
Միաժամանակ պատասխանողների 61%-ը հավանություն է տվել Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլիին, որը «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի անդամ է:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեին հավանում է պատասխանողների 48%-ը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ «Վրացական երազանք» կոալիցիան հավանող քաղաքացիների քանակը կրճատվել է 60-ից մինչեւ 52%-ի: Անփոփոխ է մնացել Միասնական ազգային շարժման վարկանիշը. պատասխանողների 10%-ը ասել են, որ իրենց հոգեհարազատ է ՄԱՇ-ի գաղափարախոսությունը:
Ընդ որում, պատասխանողների 15%-ը հայտնել է, որ կուսակցություններից ոչ մեկն էլ իրենց գաղափարները չեն արտահայտում, հայտնում է «Ինտերպրեսնյուզը»:
Հարցումն անցկացվել է 2013թ. հունիսի 12-26-ին: Հարցման է ենթարկվել 2338 մարդ: NDI-ի հարցումները ֆինանսավորում է Միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (Sida) եւ անցկացնում է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):





























