Վրաստանի ներքին գործերի նախարարությունը եւս 5 հազար անօրինական տեսանյութեր է հայտնաբերել քաղաքացիների մասնավոր կյանքի մասին: Այս մասին հայտնել է հատուկ հանձնաժողովի անդամ, վրացական «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին:

«Հանձնաժողովի նիստի ժամանակ մեզ հայտնի դարձավ, որ ՆԳՆ-ն վերջին 2-3 շաբաթներին եւս 5 հազար տեսանյութեր է հայտնաբերել»,-հայտարարել է Տուգուշին այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր ավելի քան 12 հազար նյութերի մասին, որոնք վերջին տարիներին անօրինականորեն նկարահանվել էին տարբեր կառույցների կողմից եւ պահվում էին նախարարության արխիվում: Այն տեղ հավաքված են կոմպրոմատներ քաղաքական գործիչների, լրագրողների, հոգեւորականների եւ հասարակական գործիչների մասին: Ավելին՝ Արեւմտյան Վրաստանում կոմպրոմատներով, զենքով եւ թմրամիջոցներով գաղտնարաններ են գտել: Կոմպրոմատների վերացման նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

Այդ նյութերի ոչնչացման հարցը բարձրացել է այն բանից հետո, երբ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Գելա Խվեդելիձեն համացանցում լրագրող Գեորգի Պարեսաշվիլիի վերաբերյալ վարկաբեկող տեսանյութ է տեղադրել: Դա հիմք է դարձել նրա կալանավորման համար: Դեռեւս հայտնի չէ, թե երբ է նախատեսված այդ նյութերի ոչնչացումը: