Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների հետ արտառոց դեպք է պատահել:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Սամարայի ավանում բնակվող ադրբեջանցին դաշտում ծածկոցով փաթաթված նորածին է գտել, որին, ինչպես պարզվել է, իր աղջիկն էր լույս աշխարհ բերել:
Դաշտում նորածին աղջնակին գտնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 14-ի երեկոյան: Երեխային գտել էր 1959թ. ծնված տեղի բնակիչը` ավանից 300 մ հեռվում: «Մի քանի ժամում ոստիկանության աշխատակիցները պարզել են աղջնակի մոր ինքնությունը: 1988թ. ծնված կինը սկզբում հերքում էր, որ հենց ինքն է ծննդաբերել եւ աղջկան դաշտում թողել: Կասկածյալի հայրը հենց երեխային գտած տղամարդն է: Ըստ նրա` ինքը չի իմացել, որ դուստրը հղի է եղել: Սակայն բուժզննման արդյունքում հաստատվել է, որ 25-ամյա կինն իսկապես մեկ օր առաջ երեխա է ունեցել», — ասվում է մարզային ՆԳՆԳՎ-ի հաղորդագրության մեջ:
Երեխան տեղափոխվել է Սմիշլյաեւկա ավանի վերականգնողական կենտրոն: Ըստ գերատեսչության` երեխայի վիճակը բավարար է: Ոստիկանները պարզել են, որ ընտանիքն Ադրբեջանից Սամարայի մարզ էր ժամանել հինգ տարի առաջ` գումար վաստակելու: Ծնողները երկու երեխա ունեն` 1990թ. ծնված որդի եւ 1988թ. ծնված աղջիկ, որը բացի նորածին աղջնակից, երեխա ունի նաեւ առաջին ամուսնությունից: Ընտանիքը բարեկեցիկ է եղել եւ հաշվառման մեջ չի գտնվել: Ներկայումս նորածնի մայրը գտնվում է հիվանդանոցում` չբացակայելու ստորագրությամբ: ՌԴ ՔՕ-ի «վտանգի մեջ թողնելը» հոդվածով քրեական գործ է հարուցվել:



























