Թուրքական Haberturk-ի «Խոսքը քեզ մոտ» ծրագրի հյուր հայտնի թուրք հասարակական գործիչ, պրոֆ. Բասքըն Օրանը անդրադարձել է Ադրբեջանի հակաթուրքական պահվածին, նշելով. "2009-ի ապրիլին Ադրբեջանում լսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լուրը` անմիջապես փակեցին Բաքվի երկու թուրքական մզկիթները, արձանագրությունների ստորագրումից հետո Բաքվի ազատագրման համար զոհված թուրք նահատակների ծառուղուց հանեցին Թուրքիայի դրոշը իր հենասյունով: Բացի այդ, Ադրբեջանը արձանագրությունների դեմն առնելու համար կանանցից կազմված պատվիրակություն ուղարկեց Թուրքիա: Իսկ ո՞ւր էր ադրբեջանական լոբբին ԱՄՆ-ում, երբ ընդունվեց հայկական բանաձեւը: Ադրբեջանցիները ոչինչ չեն արել նույնիսկ Կիպրոսի թուրքական հատվածի համար, չնայած այնքան բան էին խոստացել:

1915-ին տեղի ունեցածները երիտթուրքերի կողմից կազմակերպված կոտորածների շարք էր: Իհարկե, այն Թուրքիայի հանրապետության օրոք չի եղել, սակայն Թուրքիայի հանրապետությունը մեկ այլ հանցանք ունի: Այդ ամենը ստիպել են մոռացության տալ: Ես մինչ 40 տարեկանը հայկական հարցից անտեղյակ ապրել եմ այս երկրում:

Ես հրեաների եւ հայերի զրկանքների միջեւ տարբերությունը տեսնում եմ եւ դրա համար այդ բառը չեմ օգտագործել եւ չեմ օգտագործում: Հայկական սփյուռքը իրավական տերմին Ցեղասպանությունը, որպես քաղաքական է օգտագործում:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Բասքըն Օրանը 2008-ի Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ինտերնետ ստորագրահավաքի կազմակերպիչներից էր: «Ներեցեք մեզ, հայեր» ակցիային ինտերնետով միացան Թուրքիայի ավելի քան 30 հազար քաղաքացիներ։ Ճիշտ է այդ ակցիան կազմակերպողները չէին նշել ցեղասպանություն բառը, այլ օգտագործել էին մեծ աղետ արտահայտությունը։ «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում։ Ես հերքում եմ այդ անարդարությունը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով»,-նշված էր կազմակերպիչների արած հայտարարության մեջ: