Երեւանում կայացել է ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը գլխավորում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Տեխնիկական եւ բովանդակային մասերից կազմված ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնովին արդիականացնել սահմանային անցակետերը, պարզեցնել վարչարարությունը, նոր մոտեցումներ ներդնել: Խոսքը, հիշեցնենք, հայ-վրացական սահմանի մասին է: Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում միջազգային չափանիշներին համապատասխան, տեխնիկապես հագեցած սահմանային ենթակառուցվածքներ կստեղծվեն: Այս նպատակով հատկացվել է ավելի քան 61 մլն եվրո. 15-ից ավելին դրամաշնորհ է, մի մասը՝ արտոնյալ վարկ, իսկ մնացածը ՀՀ պետբյուջեից կֆինանսավորվի: «Ծրագրի իրագործմամբ հայ-վրացական սահմանի հատման հետ կապված խնդիրները լուծելու հնարավորություն կստեղծվի, կհեշտանա քաղաքացիների տեղաշարժը», - լրագրողներին ասել է Ա. Բաղդասարյանը:
Այս պահի դրությամբ հայ-վրացական սահմանում 6 գերատեսչությունների աշխատակիցներ կան:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդնումը գործընթացի արդյունավետացում է նշանակում: Քաղաքացին կամ բեռնափոխադրեղը մեկ կամ երկու գերատեսչությունների հետ գործ կունենա: Սա հնարավորություն կտա կրճատելու անցակետում մնալու ժամանակը, կբացառի բյուրոկրատական քաշքշուքները, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն ընթացիկ ամսին, տեխնիկական վերահսկողություն կիրականացնեն ֆրանսիական եւ բելգիական ընկերությունները: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2-3 տարում, հայտնել է Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ դա շատ կարեւոր է զբոսաշրջիկների ու գործարարների գրավելու համար:
Ինչ վերաբերում է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին, ռուսական կողմի հետ ստորագրված պայմանագրի շրջանակում ՀՀ-ում «Ռոսգրանիցա» պետական գործակալության ստորաբաժանում է ստեղծվել, որը համապատասխան սահմանային անցակետերի արդիականացման գործընթաց կիրականացնի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























