Ի պաշտպանություն «Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդի` 46-ամյա Հրաչյա Հարությունյանի՝ ազատամարտիկները հանդես կգան կոչով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտնեցին ազատամարտիկները։
«Լավ կյանքից չէ, որ Հրաչյա Հարությունյանը ստիպված գնացել է ՌԴ աշխատելու, որ խաղաղ պայմաններում բանակում զոհված տղայի գերեզմանոցի քարը գցի։ Էնքան ցավալի էր, որ էդ տղամարդուն կանացի ծաղկավոր խալաթով բերել են դատարանի դահլիճ, սրսկումներով արթնացրել են, ռեշոտկի հետեւում հարցեր են տալիս տարբեր կողմից, սա ուղղակի ամոթ է, մահ է մեզ համար, գնացել էր տղայի գերեզմանոցը սարքելու համար»,- ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ անձամբ չի ճանաչել Հրաչյա Հարությունյանին, բայց անթույլատրելի է նրա հետ կատարվածը, օրինակ՝ ինքը եւս որոշ ժամանակ ստիպված է եղել մեկնել Ռուսաստան՝ աշխատելու։
Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ հույս ունեն Հրաչյա Հարությունյանի՝ Ռուսաստանում դրսեւորված վերաբերմունքի մասին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ կանգնել է չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դեռ երեկ նա հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով նրան բերել են դատարան:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանպարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:
Ինչպես հաղոդում է «НТВ»-ն, Հարությունյանը նստել է ամբաստանյալի աթոռին եւ շատ նիհարած է եղել: «НТВ»-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութից երեւում է, թե ինչպես է բոլոր հարցերին բեռնատարի վարորդը պատասխանում գլուխը տարուբերելով եւ փորձում զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Օզնոբիշինո բնակավայրի մոտ: Մանրաքար տեղափոխող բեռնատարը դուրս գալով երկրորդական ճանապարհից բախվել էր ԼԻԱԶ ավտոբուսին, որում եղել էր 41 մարդ: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, եւս 20-ը տուժել են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























