Վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 18.00-ին, մի շարք ազատամարտիկներ կհանդիպեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտնեցին ազատամարտիկներ Հարութ Ստեփանյանը, Խաչատուր Խաչատրյանը, Վոլոդյա Ավետիսյանը։
Ազատության հրապարակում այժմ շարունակվում է ազամատամարտիկների պայքարը՝ նստացույցի եւ հացադուլի ձեւով։ Նրանք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որով պահանջում են ընդունել օրենք «Կամավոր ազատամարտիկի» մասին, որի միջոցով էլ կլուծեն ազատամարտիկների սոցիալական խնդիրները, այսինքն՝ նրանք կստանան կենսաթոշակ, կվերականգնեն արտոնությունները եւ այլն։ Նրանք գոհ են Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից, ասում են՝ կարծես սայլը տեղից շարժվում է, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչքան կօգնեն։ Ազատամարտիկները վստահ են, որ պետությունը հնարավորություններ ունի իրենց խնդիրները լուծելու, պարզապես ցանկության հարց է։ «Մենք ազգի նվիրյաներն ենք, մենք ենք էս կառավարությյունը, էս ամեն իչը ստեղծել»,- ասաց Խաչատուր Խաչատրյանը։ Կախված վարչապետի պատասխանից՝ ազատամարտիկների խորհուրդը կորոշի՝ շարունակել նստացույցը, հացադուլը, թե ոչ, բայց նրանք պատրաստակամ են պայքարել մինչեւ վերջ հանդարտ մարտավարությամբ։
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորի մասին» օրենքը դրական էր այն առումով, որ հայությունը իմացավ, որ ազատամարտիկներ կան, նրանք խնդիրներ ունեն, սակայն «այդ օրենքը ոչինչ չի արտացոլում, ոչ մի հարց չի լուծում»։ Նրանք շեշտում են, որ պետք է օրենքով ամրագրվի կամավոր ազատամարտիկի մասին հասկացությունը, քանի որ պատերազմի մասնակիցների հստակ տարբերակում կա եւ պետք է յուրաքանչյուրին իր չափով գնահատեն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























