Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կկազմակերպի երիտասարդական ճամբար` «Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» խորագրով:

Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական եւ կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել եւ առավել ակտիվ եւ արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը, ինչպես նաեւ անգլերեն լեզվի իմացությունը: Այն կոչված է ստեղծելու փոխադարձ ճանաչողական դաշտ` երիտասարդությանը երկրի հասարակական-քաղաքական դաշտում ներգրավման եւ ներհանրապետական նշանակության խնդիրներում ակտիվ մասնակցության ապահովման նպատակով:

Ճամբարին կմասնակցեն 16-22 տարեկան ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, հանրօգուտ աշխատանքներ կատարելու պատրաստակամ երիտասարդներ: Ծրագիրն իրականացվում է ճամբարի ձեւաչափով Մեծ Թաղեր գյուղի Ա. Խանփերյանցի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն անցնելու ուսուցողական դասընթաց, զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը, այլեւ անցկացնելու հետաքրքիր ժամանցային միջոցառումներով հագեցած օրեր:

Ուսուցողական դասընթացն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են արժեհամակարգի վրա հիմնված վարքագիծը /ղեկավարում/, մասնագիտական կոդեքսն ու էթիկան, ուժն ու հեղինակությունը, ընդհանուր խմբի ու փոքր խմբերի արդյունավետությունը, Այս ամենը նպատակ է հետապնդում զարգացնելու մասնակիցների հաղորդակցվելու, բանակցելու, կազմակերպելու եւ առաջնորդելու հմտությունները: Համապատասխան թեմաներով կդասախոսի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հատուկ դասընթացների բաժնի Հայաստանի մարզերում գործառույթների գծով ղեկավար Շանթ Պետրոսյանը:

Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հետ համագործակցությամբ:

«Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» երիտասարդական ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի «Ոչ ֆորմալ կրթության խթանման ծրագրի» շրջանակներում, որը իրականացվում է ԼՂՀ-ում սկսած 2007 թ-ից: