Մոսկվայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներն, այսօր՝ հուլիսի 16-ին, հանդիպել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ եւ իրենց նկատառումները ներկայացրել Հրաչյա Հարությունյանի գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, նաեւ դատական նիստին նրա ներկայության վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաեւ Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովանդակ նամակը:
Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաեւ Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման եւ քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:
Մոսկվայում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել ինչպես քննչական մարմինների, այնպես էլ Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ: Քննարկվում է երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին դատարան էին բերել կանացի խալաթով եւ հողաթափերով, ինչը բուռն հակազդեցություն էր առաջացրել Հայաստանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:
Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել:




























