Քննիչը հրաժարվել է քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ` Սոչիում օլիմպիական օբյեկտի շինարարների ծեծի փաստով, հաղորդել է փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոն:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիկանական բաժանմունքում 38-ամյա Մարտիրոս Դեմիրչյանն ու 25-ամյա Սերգեյ Կրբաշյանը ծեծի էին ենթարկվել ոստիկանների կողմից, ինչի մասին հայտնել էր Մ.Դեմիրչյանի կինը` Լյուդմիլա Դեմիրչյանը:
Հուլիսի 16-ին Ալեքսանդր Բոյչենկոն «Кавказский узел» -ին հայտնել էր, որ քննիչ Արտեմ Սեմենեցը իրեն բանավոր հայտնել է քրեական գործ հարուցելուց հրաժարվելու մասին:
Փաստաբանի խոսքով` ինքը մտադիր է քննիչի որոշումը բողոքարկել դատախազությունում եւ դատարանում: «Սեմենեցը իր որոշումը կայացել է մեկ ամիս անց, թեեւ օրենքով եռօրյա ժամկետ է նախատեսված: Հայտնի չէ, թե ինչ է արել մեկ ամսվա ընթացքում: Որոշումը դեռ ինձ չի տրվել, հենց ստանամ` այն անմիջապես կբողոքարկվի դատախազությունում եւ դատարանում», -հայտարարել է Բոյչենկոն:




























