«Նոր Մոսկվայում» տեղի ունեցած սարսափելի ավտովթարի գործով 20 փորձաքննություն է նշանակվել, այդ թվում բեռնատարի տեխնիկական վիճակի մասին: Չճշտված տվյալների համաձայն՝ «ԿամԱԶ»-ի արգելակները չեն գործել: Իրավաբանների խոսքով՝ փորձաքննությունների անցկացման համար կարող է 10 օր պահանջվել:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» խոսել է Հրաչյա Հարությունյանի ընկերոջ հետ, ումից էլ հենց նա վերցրել է բեռնատարը:
Պարզվել է, որ «ԿամԱԶ»-ը 2002 թվականի արտադրության է եւ գնվել է 25 հազարով (արժույթը չի նշվել, ենթադրվում է, որ խոսքը դոլարի մասին է): Բեռնատարի սեփականատեր Մովսես Մայիլյանի խոսքերից ստացվում է, որ մոտավորապես մեկ մլն ռուբլով «ԿամԱԶ»-ը գնել է տյումենյան էքսպեդիտորը, որը չունի ռուսական անձնագիր: Մեքենան ձեւակերպել են նրա հարազատի անունով: Նա բեռնատարը գնել է, որպեսզի իր այրված տան վայրից աղբը տեղափոխի, իսկ այրված տունը գտնվում է Վատուտնիկում: Ինքը՝ տյումենյան էքսպեդիտորը վստահեցնում է, որ Հրաչյա Հարությունյանն աշխատել է իր մոտ եւ պատվերներ է փնտրել հայտարարությունների միջոցով: Իսկ Հարությունյանը հրաժարվում է ցուցմունքներ տալ:
Այս ամենը խոսում է այն մասին, որ ավտովթարի համար ոչ պակաս պատասխանատվություն կրողներին փորձում են ամեն կերպ թաքցնել, կարծում է Պրոֆեսիոնալ վարորդների միջտարածաշրջանային արհմիության կենտրոնական խորհրդի նախագահ Ալեքսնադր Կոտովը:
«Նա ինքնուրույն չէր կարողանում պատվերներ գտնել, նրան ոչ ոք քարհանք մտնել թույլ չէր տա եւ նա դիմել է նրանց, որոնք կարող են կազմակերպել այդ փոխադրումները: Նա սեւ բեռնափոխադրող է եւ որպեսզի Պոդոլսկի շրջանում այդ «ԿամԱԶ»-ը չկանգնեցնեն, այդ ընկերը, որն ազդեցություն ունի քարհանքում, գումար է վճարում ճանապարհային ոստիկաններին»,-ասել է Կոտովը BFM.RU գործակալությանը:
Մոտավորապես նմանատիպ եզրակացություններ է անում նաեւ Ալեքսանդր Ռոստապչուկը՝ «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հոդվածում: «Կատարված ուղերթների թվից եւ մեքենայի բեռնվածությունից կախված է եղել նրա աշխատավարձը եւ գործատուի եկամուտը: Ոչ մի արագաչափ չի ստիպի ոչ առաջինին, ոչ երկրորդին գործել այն սկզբունքներով, որոնք այսօր չափվում են բացառապես փողով... Ներգաղթյալին, որը Ռուսաստանում ավելին է վաստակում, քան իր հայրենիքում, ձեռնտու է խախտել երթեւեկության կանոնները, իսկ մեքենայի սեփականատիրոջը ձեռնտու է վարձել ոչ թե ռուսատանցու, այլ՝ կոպեկներով տաջիկի, ուզբեկի համ հայի ու քամել նրա հյութերը: Ընդ որում, սլավոն վարորդին, որը մի փոքր ավելին է վաստակում, գործատուն նախընտրում է նստեցնել ֆուռերի ղեկին, որոնցով թանկարժեք բեռ են տեղափոխում: Իսկ ահա խիճ եւ ուղեւորներ թող փոխադրեն ներգաղթյալները:
…Շինարարական ընկերությունների մեծամասնությունը կապ ունեն տարբեր դիրքի պաշտոնյաների հետ: Եւ բազմաթիվ բեռնատարների վարորդներ ունեն խախտումների դեպքում յուրօրինակ ապահովագրություն` պետքական խոսքերով, ստորագրություններով եւ հեռախոսահամարներով սովորական մի փաստաթուղթ: Եվ ոստիկանները պարզապես վախեցել են գործ ունենալ «վերեւների» հետ»:
Հիշեցնենք, որ ըստ «ԿամԱԶ»-ի վարորդի փաստաբանի վարկածի` իր պաշտպանյալին բեռնատարի ղեկին նստել է ստիպել գործատուն` ինչ-որ «Ստրոյավտոսերվիս» ընկերության սեփականատերը, իսկ բեռնատարն էլ հավաքել էին տնային պայմաններում՝ երեք մեքենաներից:
Ըստ իրավաբանների` եթե գտնեն վարորդի գործատուին եւ ապացուցվի, որ վերջինս տեխնիկան պատշաճ զննության չի ենթարկել, «ԿամԱԶ»-ի իրական տերը կամ վարձակալը նույնպես կարող են պատասխանատվության ենթարկվել, այդ թվում նաեւ` քրեական: Չի բացառվում, որ պատասխան կտան նաեւ «ԿամԱԶ»-ի շահագործումը թույլատրած կառույցի աշխատակիցները, մասնավորապես՝ տեխզննման կայանը:
«ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը նեկայումս Բուտիրկայի սովորական մեկուսարան է տեղափոխվել: Այժմ նրան հատուկ բժշկական խնամք հարկավոր չէ, հայտնում է ռադիո «Մայակը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրաչյա Հարությունյանը «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի հիվանդանոց էր տեղափոխվել:
Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց




























