Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 16:00-ին, բողոքի ակցիա տեղի կունենա՝ ի պաշտպանություն Ռուսաստանում նվաստացումների ենթարկվող հայ ազատամարտիկ վարորդի: Այս մասին հաղորդագրություն են տարածել Facebook սոցիալական ցանցում բացված «Ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի վարորդի» խմբի կազմակերպիչները: Ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 1200 մարդ:

Իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել «Հայազն» կուսակցությունը, որտեղ մասնավորապես, նշվում է.

«Խորապես հարգելով եւ ցավակցելով հուլիսի 13-ին ՌԴ «Նոր Մոսկվայի» տարածքում, ավտովթարից զոհված եւ տուժած բոլոր քաղաքացիների ընտաքիներին` հայտնում ենք մեր խորը մտահոգությունն ու վրդովմունքը` կապված դեպքին հաջորդող իրավական գործընթացի հետ: Համացանցում տեղադրված տեսանյութից երեւում է, թե ինչպես ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, արդեն իսկ նախաքննության փուլում, քաղաքակիրթ երկրի դատական համակարգի համար անընդունելի նվաստացումների է ենթարկվում (մասնավորապես՝ դատարանի դահլիճ է ներկայացած կանացի խալաթով, եւ ակնհայտորեն հիվանդանոցից վաղաժամ է դուրս բերված):

Հատուկ ուշադրության է արժանի ռուսական մամուլի կողմից տարածվող եւ հանրության մեջ արհեստականորեն հաստատվող Հայաստանի քաղաքացու բացասական կերպարը, վաղաժամ հաստատվում է նրա մեղավոր լինելը եւ մեղքի աստիճանը, շովինիստական եւ մարդկային արժանապատվությունը այլեւայլ կերպով ոտնահարող պիտակներ են կպցվում, ինչպես՝ «վարորդ-մարդասպան», «վարորդ-հայ», «բառաչում է» եւ այլն:

Այս ամենը ստորացում է, շովինիզմ, դաժանություն, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, եւ հայ-ռուսական «բարեկամական հարաբերություններին» ուղղված սպառնալիք:

Պահանջում ենք, դադարեցնել նման գործողությունները եւ Հայաստանի քաղաքացու համար քաղաքակիրթ քննություն եւ արդար դատավարություն ապահովել»:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով ձախ թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: