Վրաստանաբնակ հայ երիտասարդությունը արդյունավետ ներգրավվածություն պետք է ունենա Վրաստանի հասարակական,  քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Այս մասին, հուլիսի 16-ին, հայտարարել է Վրաստանում Հայաստանի  դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով մասնակցել է «Երիտասարդ առաջնորդների պատրաստման  ծրագրի» շրջանակներում Վրաստանի  Ծերովանի բնակավայրում տեղակայված  քառօրյա  ճամբարի բացման արարողությանը:

Ծրագիրը  նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը`  ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ:

Դեսպանը արժեւորել է ծրագրի  գործարկումը եւ հույս հայտնել, որ  այն կունենա շարունակական բնույթ, քանզի հետամուտ է  հայաբնակ տարածաշրջաններում հայկական ներուժի համախմբմանը եւ տեղերում հայապահպան գործունեության  աշխուժացմանը: Դեսպան Մանուկյանն անդրադարձել է նաեւ հայ-վրացական  երկկողմ հարաբերություններին,  Վրաստանի  մեծաթիվ հայկական համայնքի հիմնախնդիրներին:

Միջոցառման ընթացքում «Ժողովրդական պաշտպանի դերակատարությունը Վրաստանում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում» թեմայով  դասախոսությամբ հանդես է եկել Վրաստանի ժողովրդական պաշտպանին կից  Հանդուրժողականության կենտրոնի համակարգող Բեքա Մինդիաշվիլին:

Ճամբարային օրերի  ընթացքում հայ երիտասարդները  հանդիպումներ կունենան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի,  Վրաստանի վերաինտեգրման հարցերով  պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիի եւ  Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլիի հետ: