Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած, ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, եղբոր` Ավետիք Բուդաղյանի, քառասունքին մասնակցելուց հետո նորից մեկնել է ԼՂՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա հայրը` Էմիլ Բուդաղյանը:
Նա նշեց, որ վերջինս մեկնել է ծառայության, 2 շաբաթը մեկ գալիս է ընտանիքին տեսակցության եւ վերադառնում, հավանաբար մեկ շաբաթից նորից կգնա Գորիս: Արտակ Բուդաղյանը այժմ գտնվում է հետբուժական արձակուրդի մեջ, սակայն չի օգտվում դրանից: «Շատ է նիհարել, պիտի իրեն շատ հանգիստ պահի, որ լավանա: Հազար անգամ ասել եմ, պառկի, հանգստացի, մի գնա, ասում է` շտապ գործեր կան, պիտի վերջացնեմ, զորավարժություններ են, չեմ կարա»,- պատմեց հայրը:
Էմիլ Բուդաղյանն ասաց, որ այժմ ապրում է իր երեխաներով, թոռնիկներով, իրենց հոգսերով, չեն հետաքրքրվում ոչնչով, տեղյակ էլ չեն` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատները վերադարձել են Գորիս, թե՝ ոչ: Համենայնդեպս` նրանց կողմից որեւէ մեկը չի այցելել Բուդաղյաններին Ավետիք Բուդաղյանի քառասունքի օրը կամ դրանից հետո: «Բայց ո՞վ է կանչում, որ գա, իրենք չեն կարա գան»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:
Անդրադառնալով Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությանը` վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, Էմիլ Բուդաղյանն նշեց, որ «համոզված է, որ պիտի վերացնեն քրեական հետապնդումը, այլապես լիքը ուրիշ բաներ կբացահայտվեն դատախազության գործելաոճի մասին:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Լուսանկարը` «Emedia.am»-ի




























