20-ամյա Մեկսետ Ս.-ն, ով երեկոյան ժամին պատուհանից մուտք գործելով Երազիկ Բ.-ի տուն, նրան սեքս է առաջարկել եւ մերժում ստանալուց հետո հեռացել, դատապարտվել է տուգանքի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Նշենք, որ երիտասարդը Վրաստանի Ախալքալաք քաղաքից է, սովորում է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնում, ամուրի է, խնամքին ոչ ոք չունի, նախկինում չի դատվել, չի աշխատում:
Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Մեկսետ Ս-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում (մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը) եւ դատապարտել տուգանքի 80 հազար ՀՀ դրամ գումարի չափով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Մեկսետ Ս.-ն պատուհանից մուտք գործելով Երազիկ Բ.-ի տուն, նրան սեքս է առաջարկել: Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Մեկսետ Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երեկոյան 22.30-ին սահմաններում, Երազիկ Բ.-ի կամքին հակառակ, նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելով, բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող, Երեւան քաղաքի Այգեստանում գտնվող տուն, առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել էր:




























