Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող 20-ամյա Բ. Բայազետյանը, վերցնելով ծառայակցի ինքնաձիգը, եւ չիմանալով, որ այն լիցքավորված է, պատահաբար կրակել է ծառայակցի վրա: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Բ. Բայազետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, գտնվելով մարտական հերթապահության մեջ, վերցրել է ժամկետային զինծառայող Գ. Վարդանյանին ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը: Ավելին` չիմանալով , որ այն լիցքավորված է,  խախտելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները, նա բացել է ապահովիչ-փականն ու սեղմել ձգանը, որի արդյունքում արձակված կրակոցի հետեւանքով շարքային Ա. Սաֆարյանին անզգուշությամբ պատճառվել է հրազենային միջին ծանրության մարմանական վնասվածք` ձախ ոտնաթաթի շրջանում:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի  1-ին մասով (զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ կամ միջին ծանրության վնաս): Սույն հոդվածը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը դատարան է ստացվել հուլիսի 12-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: