2013թ. Հայաստանում 400 հա տարածքում անտառավերականգնման աշխատանքներ կիրականացվեն, NEWS.am-ի թղթակցին հայտնել է գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Անտառվերականգնման եւ անտառապատման բաժնի պետ Արմեն Նալբանդյանը:
Մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է նախորդ տարվա աշնանից եւ կավարտվի 2013թ. աշնանը, Ապարանում եւ Հրազդանում վերականգնվում է 200 հա անտառ (կտրած ծառի կոճղին, հիմնականում՝ կաղնու, աճում են նոր ծիլեր, որոնցից պետք է թողնել ամենահաստ 2-3 ծիլերը, վերջում՝ մեկը):
Վայրի բնության հիմնադրամի (WWF) եւս մեկ ծրագրով Գուգարքում եւ Նոյեմբերյանում վերականգնվում է 100 հա անտառ:
Եվս 100 հա անտառ վերականգնվում է «Vallex» ընկերությունների խմբի միջոցներով, որի դուստր ձեռնարկությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, 357 հա անտառահատում է կատարում՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի մշակման համար: Դրանից 158 հա-ն կկտրվի մինչեւ 2020 թ.: Ընկերությունը պարտավորվել է դրա կրկնակի չափով՝ 714 հա անտառապատում կատարել:
Հայաստանի պետբյուջեից անտառավերականգնման համար միջոցներ չեն հատկացվել:





























