Դեռեւս վերջնական պարզ չէ, թե Ռուսաստանի Մոսկվա-Վոլգոգրադ ավտոմայրուղում սարսափելի ավտովթարի հետեւանքով զոհված չարենցավանցի ընտանիքի անդամների դիակները երբ կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին զոհվածի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Դիակները կտեղափոխվեն Հայաստան կամ այսօր, կամ վաղը: Մեր տեղեկություններով` դիակների Հայաստան տեղափոխումը ձգձգվում է, քանի որ ընթանում է դրանց մշակման պրոցեսը: «Խնդիրը ոչ փողային է, ոչ փաստաթղթային, 4 դիակներն էլ անճանաչելի են, մշակման գործընթաց է ընթանում, որ կարողանան տեղափոխել: Փակ դագաղ է բերվելու, որը հնարավոր չէ բացել»,- հայտնեց մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով` ընտանիքն ապրել է Վոլգոգրադում` հարազատների հետ: Դեպքի ժամանակ նրանք տուն էին վերադառնում: Գառնիկ Բադալյանը Ռուսաստանում զբաղվել է առեւտրով: Նրան ճանաչողները վերջինիս բնութագրում են որպես գրագետ, խելացի անձնավորություն, որը մի քանի լեզուների է տիրապետում, ընտանիքին նվիրված հայր է:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ հուլիսի 18-ին, ժամը 21.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 38-ամյա Գառնիկ Բադալյանը, ուղեւորներ` 38-ամյա Նարինե Բաբայանը, 4-ամյա Միքայել եւ 6-ամյա Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են: Հարվածից «Օպել»-ը հրդեհվել է, մարդիկ չեն հասցրել դուրս գալ մեքենայից եւ ողջ-ողջ այրվել են: