Վստահությամբ կարելի է պնդել, որ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ կնախաստորագրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտերգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ավարտին:

Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը, բնականաբար, նոր հնարավորություններ եւ գործիքներ կստեղծի: «Դա հնարավորություն կտա հարաբերվել եվրոպական շուկայի հետ, բարելավել ու բարձրացնել չափանիշների մակարդակը: Այդ դեպքում խոսքը որակական չափանիշների մասին է»,-ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթաց իր հետ նոր հնարավորություններ է բերում նաեւ պետության համար:

Հայաստանն, ըստ նրա, շատ հստակ դիրքորոշում է որդեգրել, նշելով, որ յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթաց, որն արդյունավետ է մեր երկրի համար, կարող է կյանքի կոչվել եւ դա չպետք է պայմանավորել այլոց հետ նմանատիպ գործընթացներով:

Նշենք, որ Երեւանում Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մասնակիցները համաձայնության են եկել առանցքային խնդիրների շուրջ: