Ռումինիայի մայրաքաղաքում հուլիսի 25-ին «CFR Marfa» (երկաթուղային բեռնափոխադրումներ)  պետական ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Մի քանի հազար երկաթուղայիններ հավաքվել եւ կառավարության շենքի մոտ եւ պահանջում են կրճատել կառավարության կազմն ու պատշաճ աշխատավարձ ապահովել: Ցուցարարների ձեռքին եղել են «Ցանկանում ենք աշխատել», «Կորչեն գողերը», «Կորչի մասնավորեցումը» եւ այլ գրություններով պաստառներ:

Նրանք նախազգուշացրել են, որ եթե իրենց պայմանները չկատարվեն, համընդհանուր գործադուլ կսկսեն՝ կառավարության հրաժարականի պահանջով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն հրաժարվել էր Օվիդիու Սիլագիին տրանսպորտի նախարար նշանակելուց եւ լիազորությունների կատարումը հանձնարարել էր վարչապետ Վիկտոր Պոնտային՝ այնքան ժամանակով, մինչեւ ավարտվի «CFR Marfa»-ի մասնավորեցումը:

Կառավարության առաջարկով՝ Սիլագին այդ պաշտոնում փոխարինելու էր Ռել Ֆենեկիին, որը երկու շաբաթ առաջ ֆինանսական մեքենայությունների համար բանտային կալանքի էր դատապարտվել:

Նախագահը նաեւ քննադատել է ընկերության մասնավորեցումը՝ հայտարարելով, որ կառավարության հայտարարած աճուրդում հաղթած ընկերությունը «CFR Marfa»-ը գնելու միջոցներ չունի: