Եթե մարդը խնդիրներ ունի քաշի հետ, եւ շրջապատողները մշտապես նրան ճնշում են այդ հարցով, դա չի նպաստի վերջինիս նիհարելուն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  հակառակը, տվյալ մարդը կպահպանի նախկին քաշը կամ էլ այն կավելանա, հաղորդում է CBS News-ը:

Ֆլորիդայի համալսարանի Բժշկական քոլեջի դոկտոր Անջելինա Սաթինն ընդգծում է, որ  քաշի վերաբերյալ ճնշումը ուժեղ հետք է թողնում ինչպես առանձին անհատի, այնպես էլ ամբողջ հասարակության վրա: Ստացվում է փակ շղթա՝ մարդուն ծաղրում են, իսկ նա շարունակում է գիրանալ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Այս եզրակացությունները հիմնավորվել են 6000 կամավորների օգնությամբ: Նրանց կշռել են 2006 եւ 2010թթ.: Նաեւ հարցում է անցկացվել, որի նպատակն էր  բացահայտել ծաղրի զոհերին:  Պարզվել է, որ ծաղրի փաստը 2010թ. մեծացրել էր ճարպակալման վտանգը 2,5 անգամ: Իսկ եթե մարդը 2006թ. արդեն  գեր էր, ապա  բարդացումների վտանգն ավելացել էր երեք անգամ: 

Գիրացումը կապվում է ընկճախտի, անկանոն սնվելու, շաքարախտի, սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի հետ: Անկախ փորձագետները պնդում են՝ ճնշումներ հաճախ գործադրում են բժիշկները: Այդկերպ նրանք փորձում են ստիպել հիվանդներին նիհարել:  Ի դեպ, Ջոն Հոփքինսի համալսարանն ապացուցել է, որ բժշկի կապը գեր հիվանդի հետ ավելի թույլ է, քան նորմալ քաշ ունեցող հիվանդի հետ: