Թեքսաս նահանգում կյանքից հեռացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հայտնի միլիարդատեր եւ բարերար, սլանցային գազի արդյունահանման ոլորտի առաջամարտիկ Ջորջ Միթչելը։

Associated Press-ը հայտնում է, որ անվանի բարերարը, որին մամուլում կոչում էին «սլանցային հեղափոխության հայր», կյանքից հեռացել է հուլիսի 26-ին Գալվեսթոնի իր տանը։ Ջորջ Միթչելը մահացել  է բնական մահով, 95 տարեկան հասակում ՝ ընտանիքի մեծաթիվ անդամներով շրջապատված. Նա տասը երեխա ունի։ Նրա կինը՝ Սինտիան, մահացել էր չորս տարի առաջ։

Միթչելը  հիմնադրել էր Mitchell Energy & Development Corp. ընկերությունը, որը 1980-ականներին սլանցային գազն արդյունահանելիս  առաջինն էր կիրառել հիդրոճեղքման մեթոդը, ինչի շնորհիվ հնարավոր էր դառնում զգալի կրճատել սլանցային գազի ինքնարժեքը։ «Սլանցային հեղափոխության» շնորհիվ  ԱՄՆ-ն բնական գազի արդյունահանման բնագավառում առաջին  տեղն էր զբաղեցրել։ 2002թ. Միթչելն իր ընկերությունը 3,5 մլրդ դոլարով վաճառել է Devon Energy կոնցեռնին։

Ամերիկացիները Միթչելին հարգում էին ոչ միայն արդյունաբեական   նորարարությունների, այլեւ բարեգործությունների համար։

2013թ. Forbes-ը գործարարի կարողությունը 2 մլրդ դոլար  էր գնահատել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։