WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը CNN-ի հետ զրույցում մեկնաբանել է Էդվարդ Սնոուդենի անձնագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի Պետքարտուղարության որոշումը, որի պատճառով նախկին գործակալը մնացել է Ռուսաստանի «Շերեմետեւո» օդանավակայանում:
«Պարոն Սնոուդենը չէր փորձում Ռուսաստանում հայտնվել, նա պատրաստվում էր մեկնել Հարավային Ամերիկա: Իսկ Պետդեպը (եւ դա դարի ամենահիմար արաքն էր), ուժը կորցրած է ճանաչել նրա անձնագիրը: Արդյունքում Սնոուդենը մնացել է Ռուսաստանում», - Ասանժի խոսքերը հաղորդում է ԻնոՏՎ-ն: Հիշեցնենք, Ասանժն ինքը ամերիկյան եւ բրիտանական իշխանություններից պատսպարվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հաղորդում է Russia Today-ը:
«Մենք փորձեցինք անել ամեն ինչ պարոն Սնոուդենին ցանկացած պետությունից պաշտպանելու համար, որը կարող էր նրան օգտագործել իր շահերի համար, սակայն ԱՄՆ-ի Պետդեպը հակազդեց դրան՝ Սնոուդենին փաստացի արգելափակելով Ռուսաստանում», - ասել է Ասանժը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Բարաք Օբամայի աշխատակազմը միտումնավոր է լրագրողներին հանցագործ դարձնում՝ ստիպելով փախչել: «Նա լրտես եւ դավաճան չէ, ինչպես որ իրենք են անվանում: Էդվարդ Սնոուդենը պարզապես մի փոքր լույս է սփռել ԱՄՆ-ի կառավարության գործունեության մութ կողմի վրա», - հայտնել է WikiLeaks-ի հիմնադիրը:
Հիշեցնենք, որ Էկվադորի իշխանությունները ավստրալացի ծրագրավորող Ասանժին քաղաքական ապաստան էին տրամադրել, քանի որ Մեծ Բրիտանիան համաձայնել էր նրան արտահանձնել Շվեդիային, որտեղ Ասանժը մեղադրվում է սեռական հանցագործություններում: Իր հերթին, Շվեդիան Ասանժին կարող է ԱՄՆ-ին արտահանձնել, որտեղ վերջինիս սպառնում է մահապատիժ՝ պետական գաղտնիքի հրապարակման համար:





























