Պակիստանի 12-րդ նախագահ է ընտրվել իշխող «Պակիստանի մահմեդական լիգա» կուսակցության թեկնածու, Սինդ նահանգի նախկին նահանգապետ եւ գործարար Մամնուն Հուսեյնը: Այսօր ցերեկը նրա օգտին քվեարկել են դաշնային խորհրդարանի (Ազգային ասամբլեա եւ Սենատ) ստորին եւ վերին պալատների պատգամավորների մեծամասնությունը, ինչպես նաեւ իսլամական հանրապետության բոլոր նահանգների խորհրդարանները , հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Պակիստանի Սահմանադրության՝ նախագահն ընտրվում է հնգամյա ժամկետով: Երկրի քաղաքական համակարգում պետության ղեկավարի լիազորությունները սահմանափակ են. իշխանությունն ամբողջովին գտնվում է վարչապետի ձեռքում, որն էլ դառնում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության ներկայացուցիչը: 

Նախագահական ընտրություններում հաղթած Մամնուն Հուսեյնը երդում կտա եւ  պարտականությունների կատարմանը կանցնի այս տարվա սեպտեմբերի 9-ին, երբ ավարտվի երկրի գործող նախագահ Ասիֆ Զարդարիի ժամկետը: