Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ցանկանում է Օսլոյի համալսարանում քաղաքագիտություն ուսումնասիրել եւ արդեն դիմում-հայտ է ներկայացրել, հաղորդում է Local պարբերականը:

Ինչպես պորտալն է հաղորդում, քաղաքագիտության ֆակուլտետի մի քանի դասախոսներ հրաժարվել են ուսուցանել Բրեյվիկին: Սակայն ռեկտոր Օլե Պետտեր Օտտերսենի խոսքով՝ համալսարանն, այնուամենայնիվ, կդիտարկի նրա հայտը:

«Հասկանում եմ, որ արձագանք կլինի. դա բնորոշ է մարդուն: Մենք չենք կարող ոչ ոքի զրկել Օսլոյի համալսարանում սովորելու ցանկությունից: Մենք պետք է պահպանենք ընդունելության տեխնիկական կանոնները»,-ընդգծել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Իլա» բանտի բանտապետը, որտեղ իր պատիժն է կրում Բրեյվիկը, խրախուսում է նրա այս որոշումը: «Բանտը միշտ էլ նպաստելու է բանտարկյալների կրթություն ստանալուն, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել, երբ ազատ արձակվեն»,-ընդգծել է նա: Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես է կազմակերպվելու Բրեյվիկի կրթական գործընթացը, եթե նրան համալսարան ընդունեն:

Բրեյվիկը 2011թ հուլիսի 22-ին պայթյուն է կազմակերպել նորվեգական մայրաքաղաքի կառավարական թաղամասում, ինչի արդյունքում զոհվել է 8 մարդ: Բացի այդ նա հրաձգություն է իրականացրել Ուտյոյյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում: Այդ գործողությունների համար նա դատապարտվել է 21 տարի ազատազրկման: