Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Գերագույն Ռադայի մարդու իրավունքների եւ ազգամիջյան հարցերի հանձնաժողովն առաջարկել է նախագահին հրաժարվել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը, ինչից հետո օրինագիծը կհանվի շրջանառություն, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ է: Այդ մասին Analitika.at.ua-ին հայտնել է ուկրաինացի մեկնաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:
«Հարկավոր է հասկանալ, որ խոսքը գնում է խորհրդարանի հանձնաժողովներից մեկում օրինագծի քննարկման մասին, այն էլ այն, որը հրաժարվել է գլխադասային լինել՝ առաջարկելով այդ կարգավիճակը արտաքին գործերի հանձնաժողովին: Ուկրաինական պառլամենտարիզմի պատմությունը բազում օրինակներ ունի, երբ Գերագույն Ռադայի հանձնաժողովներից մեկում հավանության չարժանացած օրինագիծն ընդունվել է այլ հանձնաժողովներում եւ, արդյունքում հաստատվել լիագումար նիստում»,- նշել է Ցարենկոն:
Հիշեցնենք, Ուկրաինայի գերագույն ռադայում հունիսի 6-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր գրանցվել: Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Վիլեն Շատվորյանն (Ռեգիոնների կուսակցություն) ու Արսեն Ավակովն («Բատկիվշչինա») են:
Նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն:
Նշենք, ուկրաինացի պատգամավորները, մտավորականության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունները ակտիվ կերպով Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություններ են հնչեցնում:





























