Մալիի նախագահական ընտություններում առաջատարն է նախկին վարչապետ Իբրահիմ Բուբաքար Քեյթան: Այդ մասին հայտնել է Մալիի տարածքային կառավարման նախարար, գնդապետ Մուսա Սինկո Կուլիբալին: «Իբրահիմ Բուբաքար Քեյթան վստահաբար պահպանում է առաջատար դիրքերը մյուս թեկնածուների համեմատությամբ: Եթե այն պահպանվի, ապա երկրորդ փուլ չի լինի», - ասել է քաղաքական գործիչը Մալիի մայրաքաղաք Բամակոյում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Ըստ Կուլիբալիի` ներկայումս հաշվել են քվեաթերթիկների մեկ երրորդը:
Քեյթայի մրցակիցներ նախկին վարչապետ Մոդիբո Սիդիբեն եւ Դրամանե Դեմբելեն հայտնել էին, որ մտադիր են հասնել ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: ԵՄ-ի դիտորդները չեն սատարել առաջատարի մրցակիցներին:
ԵՄ-ի դիտորդների ղեկավար Լուի Միշելը հայտնել է, որ Քեյթայի մրցակիցները պետք է ինքնուրույն զբաղվեն կեղծիքների ապացույցներ հավաքելով, քանի որ քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիրներն ազդել են ոչ միայն մրցակիցների վրա:





























