Զիմբաբվեում հուլիսի 31-ին նախագահական ընտրություններ տեղի կունենան, թեկնածուների թվում են գործող նախագահ 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն եւ ընդդիմադիր, վարչապետ Մորգան Ցվանգիրային: Նախագահական ընտրությունների անցկացումը հնարավոր է դարձել, քանի որ մարտին Զիմբաբվեի բնակիչները նոր Սահմանադրոթյուն են ընդունել, որը մեկ անձի համար նախագահական երկու հնգամյա ժամկետի սահմանափակում է մտցրել: Սակայն տվյալ դրույթը հետադարձ ուժ չունի, ուստի Ռոբերտ Մուգաբեն, որը երկիրը սկսել էր կառավարել դեռ 1980թ., տեսականորեն կարող է պետության ղեկավար մնալ եւս տասը տարի:
Մուգաբեն գլխավորում է «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միությունը` Հայրենասիրական ճակատը» (ZANU-PF), որն էլ առաջադրել է իր թեկնածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մուգաբեի գլխավոր մրցակիցն է 61-ամյա վարչապետ Մորգան Ցվանգիրային, որը ներկայացնում է ընդդիմադիր «Շարժում` հանուն ժողովրդավարական փոփոխությունների» (MDC) կուսակցությունը: Ցվանգիրային մասնակցել է 2008թ. նախագահական ընտություններին եւ հաղթել առաջին փուլում: Սակայն 2008թ. սեպտեմբերին իշխանությունը բաժանելու փոխզիջումային համաձայնությունից հետո Մուգաբեն մնացել էր երկրի նախագահ, իսկ Ցվանգիրային զբաղեցրել վարչապետի պաշտոնը:
Կայանալիք ընտրություններում կարեւոր դեր կարող է խաղալ երրորդ թեկնածուն` սահմանադրական իրավունքի 52-ամյա դասախոս Վելշման Նքուբեն, որը գլխավորում է MDC-ից առանձնացած խմբակցությունը: Թեեւ Նքուբեն չի հավակնում հաղթանակի, թեկնածուներից մեկին նրա կողմից սատարելը կարող է վճռորոշ դառնալ: Երկրում նախագահական ընտրություններին զուգահեռ ընթանալու են նաեւ խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:





























