Աթենքի կենտրոնի բարձրակարգ Կալոնակի թաղամասի ռեստորանում ռումբի պայթյունից տուժել է հաստատության աշխատակիցը, հայտնում է  newsit.gr կայքը:

Երկու մեքենաներով 4 անձինք առավոտյան ժ.  05.30-ին մոտեցել են հայտնի «Կալամակի Կոլոնակի» ռեստորանին, նրանցից մեկը վառել է պայթուցիկի պատրույգը եւ պայուսակում դրված ռումբը նետել ռեստորանից ներս: Այցելուներ  չեն եղել, թեեւ ռեստորանը բաց էր:

Աշխատակիցներն անհապաղ արձագանքել են, նրանք ռումբը փողոց են նետել՝ փորձելով ջրով հանգցնել պատրույգը: Չնայած դրան, ռումբը պայթել է, պայթյունի ալիքը կոտրել է խանութի եւ շրջակա այլ հաստատությունների ցուցափեղկերը: Աշխատակիցներից մեկը ապակու կտրվածքներ է ստացել:

Այժմ ոստիկանությունը փակել է Պլուտարքոսի փողոցը եւ զննում է պայթուցիկի մնացորդները: Ենթադրաբար, պայթյունը քրեական հակամարտության հետեւանք էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: