Իսպանիայի իրավապահ մարմինները կալանավորել են 8 մարդու, որոնք առնչություն ունեն Ferrari եւ Aston Martin սուպերմեքենաների կրկնօրինակների հավաքմանն ու իրացմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, հայտարարել են տեղի ոստիկանները:

Կալանավորումները կատարվել են Վալենսիայում եւ Մադրիդում՝ հատուկ գործողության ընթացքում: Հատուկ գործողության ժամանակ ընդհատակյա ավտոսերվիսներում հայտնաբերվել են տարբեր մոդելների 17 կեղծ Ferrari-ներ, այդ թվում F430s, F430 Spiders եւ F458s:

Բացի այդ, հանցագործների տրամադրության տակ եղել են բրիտանական Aston Martin մակնիշի երկու ինքնաշեն մեքենաներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ոստիկանների փոխանցմամբ՝ առգրավված մեքենաները իդեալականի մոտ կեղծված են եղել:

Այդուհանդերձ, կեղծ մեքենաներն օրիգինալից բավական էժան են վաճառվել: Օրինակ Ferrari-ի մոդելներից մեկը, որի գինը մոտ 200 հազար եվրո է, հանցագործները վաճառել են մոտ 40 հազար եվրոյով: