Լիբիայի Միսուրատայի դատարանը հուլիսի 31-ին կայացրել է երկրի կրթության նախկին նախարար, Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի ազգականի դատավճիռը։ Associated Press-ը հայտնում է, որ Ահմեդ Իբրահիմին մահապատժի են դատապարտել:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2011թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանության եւ պատերազմ հրահրելու համար: Ըստ քննության վարկածի` Իբրահիմը ղեկավարել է Քադաֆիի կողմնակիցների զինված ջոկատները բռնակալի հայրենի Սիրտ քաղաքում: Բացի դրանից, նախկին նախարարին մեղավոր են ճանաչել տեղական ռադիոկայանի միջոցով կեղծ լուրեր տարածելու եւ այդպիսով բնակչությանն ապակողմնորոշելու համար: Դատարանը նաեւ ապացուցված է համարել, որ Իբրահիմը սպանել է մեկ մարդու, ինչպես նաեւ ղեկավարել մեկ ընտանիքից հինգ մարդու առեւանգումն ու սպանությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ահմեդ Իբրահիմին կգնդակահարեն: Դատավճռի իրականացման ժամկետները չեն հաղորդվում: Մինչդեռ փաստաբաններից մեկը հայտնել է, որ Միսուրատայի դատարանի վճիռը հաստատվելու համար պետք է ուղարկվի Լիբիայի Գերագույն դատարան: Ահմեդ Իբրահիմին Անցումային ազգային խորհրդի ուժերը բռնել էին 2011թ. հոկտեմբերին:





























