Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Բհիլվար քաղաքում 76 դպրոցականների են տեղափոխել հիվանդանոց: Բժիշկների ենթադրությամբ՝ երեխաների կերած ապուրը պատրաստելիս դրա մեջ մողես է ընկել: Սա տեղի իշխանություններին կրթական հաստատություններում սանիտարական նորմերի պահպանման մասին մտահոգվելու լուրջ տեղիք է տվել, հատկապես հաշվի առնելով այն, որ վերջերս դպրոցականների զանգվածային թունավորումները հաճախակիացել են:
«Դպրոցի սննդի պատասխանատուն ազատվել է աշխատանքից: Դպրոցի տնօրենին եւս հեռացրել են», – հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Օնքար Սինգհը:
Հիշեցնենք, Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում մոտ 100 դպրոցականներ հոսպիտալացվել էին զանգվածային թունավորման հետեւանքով: Դրանից մեկ շաբաթ առաջ 23 երեխաներ վախճանվել էին Չհափրա քաղաքի դպրոցական ճաշարանում ճաշելուց հետո, հայտնում է Euronews-ը:
Հնդկաստանում հատուկ ծրագրով օրական անվճար սնունդ են ստանում 120 մլն երեխաներ, ինչը թույլ է տալիս խուսափել թերսնումից, հատկապես երկրի աղքատ շրջաններում: Միաժամանակ մասնագետները կոչ են անում խստացնել սանիտարական նորմերի եւ սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը:





























