Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ, մահակներ եւ հատուկ տեխնիկայի մի քանի միավոր է կիրառել՝ ցրելու համար Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին: Ինչպես հաղորդում է CNN-ը, հավաքվածները ցանկացել են լսել 14-ամյա դեռահասի ծնողներին, ում հունիսի 16-ին գլխից վիրավորել էին արցունքաբեր գազի փամփուշտով, եւ նա մինչ օրս կոմայի մեջ է:
Մի քանի տասնյակ մարդ, այդ թվում լրագրողներ, սպասում էին Սամի եւ Գուլսում Էլվանների՝ գանգուղեղային լուրջ վնասվածք ստացած Բերքին Էլվանի ծնողների ելույթին: Տղայի մայրը միայն հասցրել է բացականչել, որ «պատիժ է ուզում իր որդու մարդասպանի համար», երբ ոստիկանությունը սկսել է դաժանաբար ցրել մարդկանց, հաղորդում է Lenta.ru-ն:
Բերքինի ծնողների խոսքով, հունիսի 16-ին իրենց որդին դուրս է եկել փողոց, որ հաց գնի հարեւան կրպակից: Այդ պահին փողոցում սկսել են բռնել ընդդիմադիրներին՝ գազով փամփուշտներով կրակելով: Այդ փամփուշտներից մեկը դիպել է դեռահասի գլխին, ինչից հետո նրան արագորեն հոսպիտալացրել են:





























