«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները եւս մեկ ամսվա աշխատավաձ են ստացել, սակայն ընդհանուր առմամբ նրանց դեռ 10 ամսվա պարտք ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքով, դեկտեմբերից սկսած գործարանի աշխատակիցները վճարվում են: Նա նաեւ նշեց, որ գործարանը չի աշխատում, արտադրանք չի տալիս, չի վաճառում, սակայն աշխատակիցները վճարվում են ինչ-ինչ միջոցներով, կառավարության կողմից: «Հետեւաբար այս պահին 10 ամսվա պարտքին ըմբռնումով են են մոտենում: Բայց, եթե  գործարանը աշխատի եւ մարդիկ 10 ամսվա պարտք ունենան, շատ ավելի դժգոհ կլինեն: Ստացվում է, որ 3 տարի է, գործարանը  չի աշխատում, բայց կառավարությունը փորձում է ինչ-որ միջոցներ հայթայթել եւ մոտավորապես 2700 հոգու վճարվում են»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Նշենք, որ գործարանի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով իրենց հասանելիք գումարները: