Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ՝ հեծանվային երթեւեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով: Այդ նպատակով ձեւավորվել է հասարակական կազմակերպությունների եւ անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,թ ե քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների եւ բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում հեծանվային որոշ կանգառների բացման եւ շահագործման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու ուղղությամբ:
Նշվել է նաեւ, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթեւեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Աշխատանքային խումբը քննարկել է նաեւ կանգառների անվտանգության ապահովման եւ մայրաքաղաքում հեծանվուղիների ձեւավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաեւ ներդրողները:
Հեծանվային կանգառների ծրագրի կյանքի կոչումն իր նպաստը կբերի Երեւանում հեծանվային երթեւեկության մշակույթի զարգացմանը:





























