Իսրայելցի հնագետներն ավարտել են Մերձավոր Արեւելքում XI դարի խոշորագույն հիվանդանոցի պեղումները, որը պատկանում է հոսպիտալիերների օրդենին: Այս մասին տեղեկությունը հրապարակել է Իսրայելի հնությունների վարչությունը:

Պեղումներն իրականացնող գիտնականները միջնադարյան շենքը հայտնաբերել են պատմական փաստաթղթերի վերլուծության շնորհիվ:

Շենքի տարածքը մոտ 15 հազար քմ է, այն կազմված է 6 մետրանոց կամարներով պատկերասրահներից, սենյակներից ու ծառայողական հատվածներից: Պեղումների ժամանակ դրա միայն մի մասն է ուսումնասիրվել, հաղորդում է Lenta.ru-ն:

Հնագետների խոսքով՝ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցում կարող էր տեղավորվել մինչեւ 2 հազար հիվանդ: Հիվանդների մեծ մասը «Սուրբ հողն ազատագրելու» եկած խաչակիրներ են եղել, թեեւ եղել են նաեւ տեղի բնակիչներ, այդ թվում հրեաներ:

1457 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հիվանդանոցը փլվել է: Հետագայում շենքն օգտագործվել է որպես ձիարան, իսկ 19-րդ դարում այնտեղ գյուղմթերքների շուկա է եղել: