Ադրբեջանի ընդդիմությունը մասնատված է եւ թույլ, ու դա բացասականորեն է ազդում երկրի ներքաղաքական կյանքի վրա։ Այս մասին Երեւանում, ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարին «Քաղաքական զարգացումները Ադբեջանում» ելույթի ժամանակ հայտարարեց բրիտանական «ԼԻՆԿՍ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Դենիս Սամութը։
Նա նշեց, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն էլ պետք է անցնեն ժողովրդավարացման երկար եւ դժվար ճանապարհ։ «Շուտով երեք պետություններն էլ կտեսնեն, թե ինչպես է մեծանում Եվրամիության դերն այս գործընթացում»,-ասաց Սամութը։ Նրա խոսքով, հարավկովկասյան հանրապետությունները չեն կարող ինքնուրույն հասնել ժողովրդավարացմանը, այդ հարցում նրանց կօգնի Եվրոպան։ Սամութի համոզմամբ, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ակտիվացնել հաղորդակցումը Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ։ Սա, վերջինիս կարծիքով, բավականաչափ կօգնի հակամարտության կարգավորմանը։
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ հաղորդակցման ակտիվացման մասին խոսեց նաեւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թեւան Պողոսյանը։



























