Այսօր` մարտի 13-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ հավանության է արժանացել ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը:
Նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այդ բարեփոխումների արդյունքում ոստիկանությունը առավելագույնս մոտ կգտնվի բնակչությանը, քաղաքում կտեղակայվեն 6-8 քմ տարածք զբաղեցնող տաղավարներ, որը հնարավորություն կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել քաղաքացիների բողոքներին:
«Այս բարեփոխումների հաջորդ կարեւոր ուղղությունը ավելորդ թղթատարության նվազեցումն է լինելու: Օրինակ 2011 թվականի հունվարի 1-ից արդեն կներդրվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը: Նման համակարգ գործում է եվրոպական զարգացած երկրներում եւ այդ քարտերում կլինի առավելագույն տեղեկատվություն: Նույնիսկ վարորդական իրավունքները կարող են ներառվել այդ քարտերի մեջ: Զանազան տեղեկանքներ պահանջելու անհրաժեշտություն չի լինի, տվյալների ամբողջական բանկ կլինի` կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրման շնորհիվ»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Այդ բարեփոխումները, ըստ նրա, նաեւ կուժեղացնեն պայքարը թրաֆիկինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը կդրվի նոր հիմքերի վրա, կշարունակվեն բարեփոխումները ճանապարհատրանսպորտային ոստիկանությունում, կտեղադրվեն խախտում հայտնաբերող սարքեր, կանցկացվի ուսուցում:


























